National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.02.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 10

Փետրվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու եւ այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաեւ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ, կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ: Նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի տեղեկացմամբ՝ գիտական հարթությունում փորձառու իրավաբանների՝ որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության առաջարկը, որն ընդունվել է:

Հեղինակը հետաձգել է նախագծի քվեարկությունը ներկայացված առաջարկների հիման վրա այն լրամշակելու նպատակով:

Առաջին ընթերցմամբ նաեւ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվում է լրացում կատարել օրենքի 15-րդ եւ 48-րդ հոդվածներում՝ շեշտադրելով, որ համապատասխան անձինք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում գտնվող անձանց հետ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ նախագծի բովանդակությունը հասկանալի է, սակայն ձեւակերպումները՝ խնդրահարույց:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախորդ նիստում քննարկված Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծի 4-րդ հոդվածում հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկներն ընդգրկելու եւ նախաձեռնությունը լրամշակելու նպատակով հեղինակը հետաձգել է նախագծի քվեարկությունը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Արման Բաբաջանյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի եւ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am